Բեռնվում է...

Տնօրենների կրթությունը․ Ինչո՞ւ է այն կարևոր Հայաստանի համար այսօր


Խորհրդի անդամների պրոֆեսիոնալիզմի բարձրացումը լոկ կրթական նպատակ չէ․ այն կարևոր քայլ է ավելի ուժեղ ընկերությունների, խորը կապիտալի շուկաների և առավել դիմակայուն հայկական տնտեսության ձևավորման ճանապարհին։

Էլենա Խաչվանքյան

Տնօրենների Հայկական Ինստիտուտի Խորհրդի նախագահ

Հայաստանը վերջերս վճռական քայլ կատարեց կորպորատիվ կառավարման ոլորտում։ 2024 թվականի հուլիսի 30-ին հաստատվեց Կորպորատիվ կառավարման լրամշակված կանոնագիրքը, որը համահունչ է G20/ՏՀԶԿ (OECD) 2023 թվականի սկզբունքներին։ Այն ձևափոխում է առկա շրջանակը՝ վերածելով այն ավելի ընդգրկուն համակարգի, որն անդրադառնում է կայունությանը, ինստիտուցիոնալ ներդրողներին, թվային ռիսկերին և կորպորատիվ երկարաժամկետ դիմակայունությանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կորպորատիվ միջավայրն արագորեն զարգանում է։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ են մուտք գործում կապիտալի շուկաներ, աճում են թափանցիկության և հաշվետվողականության սպասելիքները, իսկ Խորհուրդներից ակնկալվում է առավել համակարգված ձևով կառավարել ի հայտ եկող ռիսկերը, այդ թվում՝ ԲՍԿ (ESG) ոլորտի հետ կապված ռիսկերը։ Դրան զուգահեռ, Հայաստանի Կենտրոնական բանկի վերահսկողական մոտեցումները դառնում են առավելապես ռիսկերի վրա հիմնված։

Այս բոլոր զարգացումները միասին նոր և ավելի բարձր նշաձող են սահմանում տնօրենների խորհուրդների համար։

Սակայն թղթի վրա գրված կանոններ ունենալը միայն առաջին քայլն է․ իսկական փորձությունը դրանց կիրառումն է։ Այժմ Խորհուրդներից ակնկալվում է ոչ թե պարզապես ձևականորեն հետևել կառավարման ստանդարտներին, այլ ակտիվորեն կիրառել դրանք՝ ցուցաբերելով անկախ դատողություն, ապահովելով ռազմավարության ու ռիսկերի արդյունավետ վերահսկողություն և երաշխավորելով հաշվետվողականության հուսալի համակարգեր։ Սա թե՛ մարտահրավեր է, թե՛ հնարավորություն։ Ի վերջո, Հայաստանի կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է դրա տնօրենների պրոֆեսիոնալիզմից և պատրաստվածությունից։

Հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս կառավարման խորհուրդների կրթության կարևորությունը։ Միայն ղեկավարման փորձը ինքնաբերաբար չի պատրաստում առաջնորդներին գործադիր կառավարումից դեպի կորպորատիվ կառավարում (governance) անցմանը։ Խորհրդի աշխատանքն էապես տարբերվում է գործադիր ղեկավարումից․ այն կոլեգիալ է, որոշումամետ և հիմնված է մասնագիտական դատողության վրա։ Այն պահանջում է իրավական պարտականությունների, ֆինանսական վերահսկողության, աուդիտի ու ռիսկերի կառավարման համակարգերի, ինչպես նաև խորհրդում որոշումների կայացման նուրբ դինամիկայի խոր իմացություն։

Լավագույն դեպքում, խորհուրդների համար նախատեսված կրթությունն օգնում է տնօրեններին․

  • Հասկանալ իրենց ֆիդուցիար (վստահորդային) պարտականությունները և կառավարչական պատասխանատվությունը,

  • Մեկնաբանել ֆինանսական, ռիսկային և աուդիտորական տվյալները՝ Խորհրդի վերահսկողության տեսանկյունից,

  • Կողմնորոշվել խորհրդի ներսում տեղի ունեցող դինամիկայում և արդյունավետորեն նպաստել կոլեկտիվ որոշումների կայացմանը,

  • Ցուցաբերել անկախ դատողություն և ապահովել կառուցողական քննարկումներ գործադիր ղեկավարության հետ,

  • Կենտրոնանալ ռազմավարական վերահսկողության, այլ ոչ թե օպերատիվ կառավարման վրա։

Կրթությունը Խորհրդի անդամ նշանակվելու «կարճ ճանապարհ» կամ փորձին փոխարինող միջոց չէ։ Սա գործիք է, որն ամրապնդում է տնօրենի պատրաստվածությունն ու վստահությունը։ Հայաստանյան տնօրենների համար սա էական քայլ է՝ 2024 թվականի բարեփոխումները Խորհրդի աշխատանքում արդյունավետ գործնական քայլերի վերածելու համար։

Ոչ բոլոր տնօրեններն ունեն նույն պատրաստվածության կարիքը։ Գլխավոր տնօրենները (CEO) և Ֆինանսական տնօրենները (CFO) կարող են օգուտ քաղել կառավարման և ֆիդուցիար պարտականությունների վերաբերյալ թիրախային մոդուլներից, մինչդեռ ֆունկցիոնալ ղեկավարները կարող են ունենալ կազմակերպչական լայն վերահսկողության ավելի մեծ փորձառության կարիք։ Ձեռնարկատերերն ու հիմնադիրները հաճախ կարիք ունեն համապատասխանության (compliance), Խորհրդի կառուցվածքային գործընթացների, ինչպես նաև օպերատիվ ղեկավարումից դեպի կորպորատիվ կառավարում անցման վերաբերյալ հիմնարար գիտելիքների։

Այս մոտեցումը հատկապես արդիական է Հայաստանի զարգացող կորպորատիվ միջավայրում, որտեղ բազմաթիվ հաջողակ ընկերություններ շարունակում են մնալ ընտանեկան բիզնեսներ։ Երբ այս բիզնեսները հասունանում են, ընդլայնվում և դիտարկում են ֆինանսավորման նոր աղբյուրներ կամ ղեկավարության փոփոխություններ, կառավարման կառուցվածքների ամրապնդումը և Խորհրդի ավելի պաշտոնական աշխատակարգերի ներդրումը դառնում են կարևոր քայլ՝ նրանց երկարաժամկետ զարգացմանը աջակցելու համար։

Այժմ, երբ կորպորատիվ կառավարումը բարձրացել է նոր մակարդակի, պատասխանատվությունն ընկնում է հենց տնօրենների վրա։ Կրթությունը կամուրջ է հանդիսանում կանոնների և իրական ազդեցության միջև։ Խոսքը վկայականների մասին չէ․ խոսքը պատրաստվածության, մասնագիտական դատողության և կոլեկտիվ որոշումների կայացման գործում արդյունավետ ներդրում ունենալու կարողության մասին է։

Գիտակցելով սա՝ «Հայաստանի Կորպորատիվ Կառավարման Ինստիտուտը» նախաձեռնում է «Տնօրենների որակավորման ծրագիրը» (Directors Certification Program - DCP)։ Հատուկ Հայաստանի համար մշակված այս ծրագիրը տրամադրում է համակարգված գիտելիքներ կառավարման համակարգերի, Խորհրդի աշխատանքի գործնական դինամիկայի և ռազմավարական վերահսկողության վերաբերյալ։ Մասնակիցները ձեռք կբերեն արժեքավոր պատխորացումներ (insights) փորձառու տնօրեններից ու գործընկերներից՝ սովորելով ոչ միայն այն, թե ինչպիսին է լավ կառավարումը, այլև թե ինչպես այն արդյունավետորեն իրականացնել։

DCP-ի առաջին խումբն իր աշխատանքները կսկսի այս աշնանը։ Գրանցման մանրամասները կներկայացվեն առաջիկա շաբաթներին։ Այս ծրագիրը մեր ներդրումն է պրոֆեսիոնալ և լավ պատրաստված տնօրենների համայնքի ձևավորման գործում, ովքեր ունակ են Հայաստանի ամրապնդված կառավարման ստանդարտները վերածելու առավել մրցունակ, դիմակայուն և վստահելի ընկերությունների։

Կառավարման խորհուրդների կրթությունը հրաշագործ լուծում չէ, այլ այսօրվա Հայաստանում անհրաժեշտ լծակ։ Բարեփոխումները նախադրյալներն արդեն ստեղծել են․ տնօրեններն իրենք պետք է կյանքի կոչեն դրանք։ Կրթությունն օգնում է երաշխավորել, որ նրանք դա անեն անհրաժեշտ գիտելիքով, մասնագիտական դատողությամբ և վստահությամբ։

Post image