Անդամի տվյալները
Հայկ Եգանյան
Հայկ Եգանյանը կապիտալի շուկաների և ֆինանսական ծառայությունների ոլորտում հեղինակավոր մասնագետ է, ներկայումս զբաղեցնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2017 թվականից ղեկավարելով բորսան՝ նա իրականացրել է AMX-ի առևտրային համակարգի ամբողջական արդիականացումը՝ ներդնելով նոր հարթակ, որը բարձրացրել է գործառնական արդյունավետությունը և շուկայի հասանելիությունը։ Այս ռազմավարական նախաձեռնությունը հանգեցրել է ընկերության սեփական կապիտալի վեցապատիկ աճի՝ խթանելով կայուն ֆինանսական զարգացումը և ներդրողների վստահությունը։
Մինչ բորսայում իր գործունեությունը, Հայկ Եգանյանը 2013-2017 թվականներին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը։ Այդ ընթացքում նա կենտրոնացած էր կապիտալի շուկաների զարգացման և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վրա։ Հայկը կարևոր դեր է ունեցել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների Հայաստան ներգրավման գործում՝ միաժամանակ ղեկավարելով ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ գործընկերային հարաբերությունների կառավարման գործընթացները։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ներդրումային Roadshow-ներում, հատկապես՝ Միացյալ Թագավորությունում՝ ներկայացնելով երկրի ներդրումային ներուժը։
2012-2013 թվականներին Հայկը եղել է NASDAQ OMX Armenia բորսայի դիտորդ խորհրդի անդամ՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի կապիտալի շուկայի ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2010-2013 թվականներին նա աշխատել է մասնավոր բանկային ոլորտում Լոնդոնում՝ ընդգրկելով Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանը։ Միաժամանակ ներկայացրել է ՀՀ Զարգացման գործակալությունը Միացյալ Թագավորությունում՝ նպաստելով դեպի Հայաստան միջազգային ներդրողների ներգրավմանը։
Իր մասնագիտական գործունեության վաղ փուլում՝ 2007-2010 թվականներին, Հայկը ղեկավարել է «Գազպրոմ Արմենիա»-ի արժեթղթերի շուկայի գործառնությունների բաժինը։ Նա առաջնորդել է ընկերության առջնայինհրապարակային առաջարկի (IPO) նախապատրաստական գործընթացը և կազմակերպել Հայաստանի պատմության առաջին երկու հանրային պարտատոմսերի թողարկումները՝ 2007 և 2008 թվականներին՝ նշանավորելով երկրի ֆինանսական շուկայի զարգացման կարևոր փուլերը։
Հայկ Եգանյանը ունի կառավարման մագիստրոսի գիտական աստիճան Լոնդոնի «Imperial College»-ից և բակալավրի աստիճան ֆինանսական տնտեսագիտության ոլորտում Լեյստերի համալսարանից (Մեծ Բրիտանիա)։
Բացի AMX-ում իր գլխավոր տնօրենի պաշտոնից, Հայկը հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի նախագահ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացում։ Նա նաև անդամակցում է մի շարք կառույցների՝ այդ թվում՝ Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի (ABBC), Եվրասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի (FEAS), Մեղրի ազատ տնտեսական գոտու և Հայաստանի տնօրենների ինստիտուտի (AIoD) խորհուրդներին։
Վերջին տարիներին Հայկը գլխավորել է մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստել են Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրմանը միջազգային ֆինանսական համակարգերին։
Նրա ղեկավարության ներքո AMX-ն անդամակցել է Tabadul հարթակին՝ ընդլայնելով միջտարածաշրջանային առևտրային հնարավորությունները և կապիտալի շուկայի կապերը տարածաշրջանի այլ երկրների հետ։ Միևնույն ժամանակ գործարկվել է պետական պարտատոմսերի առևտրի նորացված gp.minfin հարթակը՝ ցույց տալով AMX-ի հանձնառությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառման և շուկայի արդյունավետության բարձրացման գործում։
Հայկի պաշտոնավարման ընթացքում Վարշավայի ֆոնդային բորսան (GPW) ձեռք է բերել AMX-ի վերահսկիչ փաթեթը՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունն ու ընդլայնելով Հայաստանի ներկայությունը գլոբալ ֆինանսական շուկաներում։ Հայկը առանցքային դեր է խաղում այս ռազմավարական գործընկերության շրջանակում՝ ներկայացնելով Հայաստանի կապիտալի շուկան, խթանելով աճը և խորացնելով ինտեգրումը եվրոպական ներդրողների հետ։
Հայկ Եգանյանի տեսլականն ու առաջնորդությունը շարունակաբար խթանում են Հայաստանի կապիտալի շուկայի աճն ու արդիականացումը՝ AMX-ին դարձնելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրում առանցքային հաստատություն։