Տնօրենների Հայկական Ինստիտուտը և Հայաստանի Ֆոնդային Բորսան համագործակցության հուշագիր ստորագրեցին
Տնօրենների Հայկական Ինստիտուտը (AIoD) և Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հաստատել են նոր գործընկերություն,որի հիմնական նպատակն է բարելավել կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի Հանրապետությունում: Գործընկերությունը նպատակ ունի բարձրացնել Խորհրդի գործունեության արդյունավետությունը և նպաստել Կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի պահանջների հաջող ու շարունակական կիրառմանը:
Համաձայն հուշագրի՝ համագործակցությունը կկենտրոնանա մի քանի հիմնական ուղղությունների վրա.
Կրթական ծրագրեր. Համատեղ սեմինարների, վերապատրաստումների և շարունակական կրթական ծրագրերի մշակում և իրականացում: Այս ծրագրերը հատկապես թիրախավորում են բորսայում ցուցակված (կամ ցուցակման պատրաստվող) ընկերությունների խորհրդի անդամներին, գործադիր ղեկավարներին, կորպորատիվ քարտուղարներին և իրավաբաններին, ինչպես նաև AMX-ի համապատասխան անձնակազմին:
Իրազեկվածություն և լավագույն փորձ. Ցուցակված և առևտրի թույլատրված ընկերությունների շրջանում կորպորատիվ կառավարման սկզբունքների, խորհրդի արդյունավետ գործունեության, տեղեկատվության բացահայտման և ներդրողների հետ հաղորդակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ շուկայի նկատմամբ վստահությունն ամրապնդելու նպատակով:
Մասնագիտական զարգացում. Անկախ տնօրենների և խորհրդի անդամների մասնագիտական ներուժի զարգացում: Կազմակերպությունները կաջակցեն ընկերություններին որակավորված թեկնածուների ներգրավման հարցում՝ խթանելով խորհուրդների անկախությունը, բազմազանությունը և մասնագիտական որակը:
Հետազոտություն և քաղաքականություն. Ցուցակված և առևտրին թույլատրված ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկայի ուսումնասիրություն՝ միտումները և բարելավման կարիքները վերհանելու նպատակով: Կողմերը նաև կհամագործակցեն քաղաքականության երկխոսության և կարգավորող նախաձեռնությունների, ԲՍԿ (ESG) և կայունության հաշվետվողականության, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման շուրջ: